Գլխավոր Ավելին

Մուլտիդիսցիպլինար գիտական լսում․ զեկուցողները օնկոլոգներն ու ռևմատոլոգներն էին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսումը մուլտիդիսցիպլինար էր, զեկուցումներով հանդես եկան Ռևմատոլոգիայի և Օնկոլոգիայի կլինիկաների բժիշկները։

‍Ռևմատոլոգիայի կլինիկայի վարիչ, բ.գ.թ․, դոցենտ Վալենտինա Վարդանյանը ներկայացրեց «Ռևմատոլոգիա և օնկոլոգիա․ հիվանդությունների խաչմերուկում» թեմայով զեկույց՝ ընդգծելով երկու ծառայությունների համագործակցության կարևորությունը և ցույց տալով, թե երբ և ինչպես են խաչվում այս երկու մասնագիտությունները:

Իսկ Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Լիլիթ Հարությունյանի զեկույցը վերաբերում էր իմունոթերապիայի ազդեցության մեխանիզմներին, բուժման արդյունավետության գնահատմանը, ռևմատիկ աուտոիմուն բարդություններին, թիրախ օրգանների ախտահարմանը և նորագույն բուժման մոտեցումներին։

Ստորաբաժանումների բժիշկների կողմից ներկայացվեց երկու հետաքրքիր կլինիկական դեպք: Մի դեպքում պացիենտն ուներ «Շարակցական հյուսվածքի խառը հիվանդություն» , հետագայում ախտորոշվել էր ձվարանի քաղցկեղ: Ռևմատոլոգիայի կլինիկայի բժիշկ Սոնա Մարդոյանը և ընդհանուր ուռուցքաբանության գծով 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Գայանե Մինասյանը ներկայացրեցին այս դեպքը՝ նշելով բուժման ժամանակակից մոտեցումները, դեղորայքների հնարավոր փոխազդեցությունները:

Ռևմատոլոգիայի կլինիկայի բժիշկ Նունե Մանուկյանի և ուռուցքբանության 2-րդ կուրսի օրդինատոր Գայանե Մինասյանի կողմից ներկայացված մյուս կլինիկական դեպքում բուժառուն ունեցել էր սկլերոդերմիայանման համախտանիշ, սակայն չէր ունեցել իմունոլոգիական ակտիվություն: Հայտնաբերվել էր երիկամի քաղցկեղ: Ախտորոշվել էր «Պարանեոպլաստիկ սկլերոդերմիաանման համախտանիշ»:

Դահլիճում հնչեցին մի շարք հարցեր ախտորոշման, կլինիկական դեպքի մանրամասների և հետագա վարման տակտիկայի վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ՝ գիտական լսումն անցավ հագեցած օրակարգով, հետաքրքիր զեկույցներով և ինտերակտիվ հարցուպատասխանով։

Բժիշկները շեշտեցին, որ տարբեր պաթոլոգիաներով պացիենտների ախտորոշումը և բուժումը հնարավոր է լինում լավագույն կազմակերպել մասնագիտացած բազմապրոֆիլ բժշկական հաստատությունում։

×
facebook sharing button facebook